Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարան և հետևել ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Արցախի նախագահը պաշտպանության, նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, ծանոթացել է նաև ՊԲ-ում կիրառվող հայրենական և օտարերկրյա արտադրության նշանոցներին և վերջին շրջանում համալրված կապի և տեսադիտարկման տեխնիկական միջոցներին, դրանց տեխնիկական հնարավորություններին: Այցի ընթացքում նախագահը հետևել է նաև ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական պարապմունքին:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բանակի հրամկազմին զորավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ցուցադրած արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են:
Զորավարժությանը ներկա էին նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







