Ես չեմ հավակնում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Անդրադառնալով անցած մեկ տարվա ընթացքում իր պարտականությունների կատարանը՝ Գրիգորյանը նշեց, որ անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել կատարել իր աշխատանքային պարտականությունները, քանի որ «ՍԴ կազմի սահմանադրականությունը լրջորեն հարցականի տակ էր»։
«Ես այս կազմը սահմանադրական չեմ համարել և համարել եմ, որ Հայաստանի ՍԴ-ն ունի դեմոկրատական լեգիտիմության էական բաց և այդ կազմով չի կարող հանդիսանալ ու արժանի լինել ՀՀ ՍԴ լինելուն։ Եթե կա դեմոկրատական լեգիտիմության խնդիր, ոչ մեկ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավորել բարձրագույն դատական ատյանում: Այսինքն, լուծման այս տարբերակը հրաշալի է՝ մեր բոլորի՝ ողջ կազմի համար այլևս գործող կազմի մասով փակել դեմոկրատական լեգիտիմության հարցը և Սահմանադրական դատարանի գործունությամբ փաստել, թե որքանով է այս դատարանը հավատարիմ ժողովրդավարության սկզբունքներին և որքանով է ունակ և ցանկություն ունի պաշտպանել ժողովրդավարությունը՝ ես կասեի անցումային Սահմանադրական շրջանում, քանի որ որոշ իմաստով Հայաստանը բավականին ժամանակ է անցումային սահմանադրության փուլում է գտնվում»,-ասաց ՍԴ դատավորը։
Գրիգորյանը նաև նշեց, որ իր պարտականություններն անցած մեկ տարվա ընթացքում չի կատարել ոչ իր մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չի հրաժարվել, քանի որ այն իր ապրուստի միակ միջոցն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







