«Ժառանգություն» կուսակցությունը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել.
«ՀՀ Աժ-ում ծավալված վերջին իրադարձությունները, որոնց հռչակած նպատակը Սահմանադրական դատարանի թնջուկի ամեն գնով հանգուցալուծումն է, հերթական անգամ ապացուցեցին, որ կառավարության և խորհրդարանի իշխող մեծամասնության բոլոր ճիգերը՝ հանգուցալուծելու համաժողովրդական քվեին չարժանացած, բայց գործող սահմանադրությունից բխող տարբեր խնդիրները, դատապարտված են ձախողման, որովհետև համակարգային բնույթ չեն կրում:
ՀՀ իշխանությունը ամեն անգամ փորձում է, կարկատաններ հորինելով, բարեփոխել անբարեփոխելին, պահով պայմանավորված կետային շտկումներ կատարել: Նմանօրինակ կարկատանները հետագայում էլ ավելի մեծ խնդիրների են հանգեցնելու թե՛ իրագործման ձևի, թե՛ բովանդակության առումով»,-նշված է հայտարարության մեջ։
Ըստ «Ժառանգության»՝ կեղծված և դանդաղ գործունեության ականներ պարունակող այս սահմանադրության առանձին դրույթների փոփոխությունը խնդրահարույց օրինականություն ունեցող ձևերով չի հանգեցնելու ո՛չ նոր Սահմանադրական դատարանի ձևավորման, ո՛չ էլ ՀՀ դատական համակարգի անկախացման ու ժողովրդավարացման: «Պետք չէ ամեն անգամ կրկնել հին սխալները՝ ի սկզբանե չգործող օրենքներ ընդունելով: ԱԺ-ն չի կարող իրեն վերապահել ՀՀ իշխանության մյուս թևերին պատկանող բոլոր գործառույթները»,-նշված է հայտարարության մեջ։
«Ժառանգությունը» պահանջում է ՀՀ իշխանությունից սկսել նոր սահմանադրության ընդունման հնարավորինս արագացված գործընթացը, բայց ոչ թե արդեն ձևավորված հանձնաժողովի կազմով, այլ ընդլայնված, քաղաքական և իրավագիտական փորձառությամբ հայտնի, սկզբունքային գործիչների նոր համախմբումով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







