«Նախագիծը, որը հիմա քննարկում ենք, ոչ թե վատ նախագիծ է, այլ լավ։ Այսինքն՝ սա ոչ թե վատթարացնող ազդեցություն ունի, այլ մեղմացնող»,-այսօր հայտարարեց «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով քննարկվող «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով գույքահարկի ավելացման մասին:
Նրա խոսքով՝ այս նախագիծը մեղմացնելու է նախկինում ընդունված նախագծի ազդեցությունը.
«Վատթարացնող ազդեցություն ունեցել է նախագիծը, որն անցած տարի ենք ընդունել, երբ իրականությունից շեղված կադաստրային արժեքները մոտարկեցինք շուկայականին: Եվ եթե մենք հիմա գույքահարկով էս փոփոխությունը չանենք, ստացվում է, որ մարդկանց կողմից վճարվելիք գույքահարկերը աստղաբաշխական աճ էին ունենալու: Այսինքն՝ մենք հիմա էս նախագծով մեղմացնում ենք կադաստրային արժեքների մոտարկման նախագծի էֆեկտը»,- նշեց Թունյանը:
Նա օրինակ բերեց. «Ենթադրենք՝ մի մարդ ունի բնակարան, որի շուկայական արժեքը 30 միլիոն դրամ է: Էսօր ինքը վճարում է գույքահարկ մոտավորապես 2500 դրամ՝ տարեկան: Հիմա կադաստրային արժեքները, որոնք մենք անցած տարի փոխեցինք, սրա հետևանքով կադաստրային արժեքները ավելանալու են, և եթե մենք հիմա էս գույքահարկի փոփոխությունը չընդունենք, այդ մարդը 2021-ից վճարելու է 43 հազար դրամ: Հիմա էս օրենքը մենք ընդունում ենք, որ ինքը վճարի ոչ թե 43 հազար դրամ, այլ՝ 19 հազար դրամ: Ընդ որում՝ այդ 19 հազար դրամն ինքը վճարելու է 4 տարի հետո. 2021-ին վճարելու է 4500 դրամ, հետո կամաց-կամաց աճելու է: Այսինքն՝ եթե մենք հիմա էս օրենքը չընդունենք, ստացվում ա, որ մենք մարդկանց գույքահարկի բեռը մի քանի անգամ ավելացնում ենք»,- ասաց Թունյանը:
Խոսելով թոշակառուների համար հարկային բեռի ավելացման Թունյանը նշեց.
«Թոշակառուները, եթե նրանց միակ եկամտի աղբյուրը թոշակն է, եթե գույքահարկը չվճարեն, իրենց հետ ոչ մի բան տեղի չի ունենա, թոշակն արգելանքի ենթակա չէ, բնակարանն իրենց ձեռքից չի վերցվի: Պարզապես կկուտակվի և երբ կգա վաճառելու կամ ժառանգություն տալու ժամանակը, այն կգանձվի: Խնդրում եմ, մեր քաղաքացիներին սխալ ինֆորմացիա մի՛ մատուցեք»,- ասաց պատգամավորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։