Ցանկացած առիթով երբ փորձում ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրների առումով այդ թնջուկը բացել և հաղթահարել, չգիտես ինչու, ընդդիմությունը այն որակում է որպես հակապետական քայլ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հայտարարել էր, ով մասնակցի ԱԺ այս նիստին, քաղաքական պատասխանատվության է ենթարկվելու դրա համար:
«Ընդ որում, երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, նույնպես նույն որակումներն էին հնչում: Այն ժամանակ էլ հնչում էին, որ լավագույն տարբերակը ԱԺ-ում քննարկելը և որոշումներ կայացնելը: Շատ ուրախ կլինեի, եթե ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք նման կարծիք են հնչեցրել, այսօր ներկա լինեին և իրենց դիրքորոշումները հայտնեին քաղաքացիներին, այդ թվում իրենց ձայն տված քաղաքացիներին»,- ասաց Մակունցը։
Անդրադառնալով մեղադրանքներին, թե սրանով իշխանությունը սահմանադրական հեղաշրջման է գնում՝ Մակունցն ասաց. «ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ սահմանվում են այն լիազորություններն ու գործառույթները, որոնք կարող է կատարել Ազգային ժողովի պատգամավորը: Դրանից դուրս որևէ գործողություն չի կատարվել»:
Դիտարկամը, որ ԲՀԿ-ն հայտարարել է՝ ԱԺ-ում չկա բանավեճ, դրա համար չեն մասնակցում նիստին, «Իմ քայլի» ղեկավարն արձագանքեց․ «Բանավեճը ստեղծվում է այն ժամանակ, երբ ընդդիմությունը գտնվում է ԱԺ դահլիճում և հնչեցնում է հակառակ տեսակետ: Շատ ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը՝ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ «Լուսավոր Հայաստանը», ներկա գտնվեին և իրենց տեսակետը հնչեցնեին, որ բոլորս հասկանայինք, թե այս իրավիճակը հաղթահարելու մասին ընդդիմությունն ինչ է մտածում:
«Մեզ միշտ հետաքրքիր է ընդդիմության կարծիքը, քաղաքացիական հասարակության կարծիքը, նաև մեր միջազգային գործընկերների կարծիքը: Եվ այդ միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում է, որ ԱԺ-ն ներկայացվել է հենց այն նախագիծը, որը ներկայացվել է: Եթե հիշում եք, ի սկզբանե մեր դիրքորոշումն այլ էր, բայց ԱԺ քննարկումների դատին ներկայացվել է այլ նախագիծ»,- ասաց Մակունցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







