ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար որպես խափանման միջոց սահմանված 2 մլրդ դրամը վճարվել են հիմնականում գործարարների հանգանակած գումարներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հաստատելով, որ գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), Գենադի Ստեփանյանը եւ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է տնօրենների խորհրդի անկախ տնօրեն։ Կորպորացիայի խոշոր բաժնետեր է հանդիսանում ռուսաստանյան հայտնի միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովը։
Հիշեցնենք, որ Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 18-ի որոշմամբ, որով թույլատրելի էր համարվել գրավի կիրառումը՝ գումարի չափը սահմանելով 2 մլրդ դրամը։ Այն դեպոզիտ հաշվին փոխանցվել է հունիսի 19-ին ու նույն օրը Ռ. Քոչարյանն ազատ է արձակվել։
Ռուսաստանի հայկական Սփյուռքի գործարար շրջանակները Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար գրավի դիմաց դրամական միջոցների մի մասի տրամադրումը ռուսական բիզնեսի ներկայացուցիչների կողմից:
Մեր զրուցակիցների խոսքով՝ ռուսական բիզնեսի շատ ներկայացուցիչների դիրքորոշումը նախկին և ներկա ղեկավարության նկատմամբ պայմանավորված է նախևառաջ իշխանության ինստիտուտի նկատմամբ հարգանքով։
Նշվում է, որ եթե մեղադրյալի մեղքն ապացուցված չէ դատարանի կողմից, ապա, ելնելով երկրի ղեկավարի (նախկին կամ ներկա) նկատմամբ հարգանքից, տվյալ դեպքում նախկին նախագահի նկատմամբ, չարժե նրան բանտում պահել, եթե կարելի է գրավի դիմաց ազատ արձակել: Այլ իրավիճակ է առաջանում այն դեպքում, եթե կոնկրետ անձի մեղքն ապացուցված է անկախ և արդար դատարանի կողմից։
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ նման դիրքորոշումը վերաբերում է Հայաստանի բոլոր ղեկավարներին։ Նա նաև ընդգծել է, որ Քոչարյանի գրավով ազատ արձակվելուն մասնակցելն ամենևին չի նշանակում, որ այդ քայլն ուղղված է Հայաստանի ներկայիս իշխանությունների դեմ:
Ըստ մեր զրուցակցի՝ շատ գործարարներ, որոնք այդպես են վարվել, համագործակցում են ներկա իշխանությունների հետ և ներդրումներ են կատարում երկրի զարգացման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







