ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակից։
Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են ԵՄ մի շարք ներկայացուցիչներ։
Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին:
Նա գործընկերներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, որոնց երեկ հրապարակած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մամինը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և այդ համատեքստում` Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքին` ցավով նշելով, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի նոր կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:
Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների, առկա մարտահրավերների մասին, իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հորդորել է գործընկերներին` անվերապահ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ ազդարարված հիմնարար սկզբունքների հիման վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







