Բոլոր քրեակատարողական հիմնարկներում մշտապես իրականացվում են ախտահանման աշխատանքներ։ Այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՔԿՀ-ներում իրավիճակին՝ կապված կորոնավիրուսի հետ։ Նախարարն ընդգծեց, որ համագործակցում են ԱՆ-ի և միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանիչ միջոցների ձեռքբերման մասով:
Խոսելով ՔԿՀ-ները վիրուսից զերծ պահելու համար արված միջոցառումների մասինԲադասյանը նշեց, որ այս ընթացքում դրվել են տեսակցության, հանձնուքների արգելք՝ հաշվի առնելով սննդի մատակարարաման նոր համակարգի անցումը, բայց վերջին շրջանում թույլ է տրվել ամսվա մեջ գոնե մեկ անգամ հանձնուք փոխանցել դատապարտյալին։
«Այս բոլոր միջոցառումների արդյունքում ընդամենը մի դատապարտյալ ունենք, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուսի դեպք, և նա մեկուսացված է դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ հենց միանգամից մեր կողմից առանձնացվել էր երկու մասնաշենք այդ նպատակով, որ եթե դատապարտյալների շրջանում ունենանք ոչ ծանր դեպքեր, մեկուսացվեն այդտեղ: Նույն ՔԿՀ-ներում ռապիդ թեստեր են արվել, և պարզվել է, որ վարակի որևէ տարածում չի եղել»,- նշեց Բադասյանը:
Տեսակցությունների մասով՝ նախարարը նշեց, որ էլեկտրոնային հնարավորություններ բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան, և դրանցից դատապարտյալները օգտվում են: Բացառություն են միայն փաստաբանները, որոնք կարող են հանդիպել դատապարտյալներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







