Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ խորհրդարանում անդրադարձավ օրերս «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցած բողոքի ակցիային և խոսակցություններին, որ շուկան փորձում են փակել, որ բնակիչներն իրենց մթերքն իրականացնեն նորակառույց շուկայում, որը կապվում է Գարիկ Սարգսյանի անվան հետ։ Մարզպետը խոսեց նաև համայնքապետերի հետ ունեցած հարաբերությունների մասին։
Նա նկատեց, որ«Մեյմանդարի» շուկան գտնվում է Արմավիրի մարզում, իրենց մարզի հետ որևէ կապ չունի, չնայած, որ հիմնականում իրենց մարզից են այնտեղ հողօգտագործողներն ու մթերք արտադրողներն իրացնում իրենց մթերքը:
«Այդ խոսակցություններն իրականության հետո բացարձակ որևէ աղերս չունեն, ինչպես գիտեք, դեռևս նախորդ տարի «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ հայտարարվեց, որ Արարատի մարզում նույնպես կառուցվելու է գյուղմթերքի իրացման մանրամեծածախ շուկա և այս ամիս արդեն ունենք բացված շուկա և մեր մարզի բնակիչները կարող են իրենց ապրանքն իրացնել այդ շուկայում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ նորակառույց Արտաշատի շուկան կապվում է հենց իր անվան հետ, Սարգսյանն արձագանքեց. «Ես կապ ունեմ այդ շուկայի հետ այնքանով, որքանով այդ շուկան գտնվում է Արարատի մարզում»:
Մարզպետն անդրադարձավ նաև մարզի համայնքապետերի հետ ունեցած հարաբերություններին։ Նա նշեց, որ մարզում համայնքապետերի գերակշռող մեծամասնությունը նախկին իշխանությունների հետ համագործակցած մարդիկ են, բայց ընդհանուր առմամբ աշխատանքային պրոցեսը գործընկերային է:
«Եթե համայնքի ղեկավարը մտահոգված է համայնքի շահերով, մասնակցում է պետական աջակցության ծրագրերին, մասնավերապես՝ սուբվենցիոն ծրագրերին և ֆոնդային մասում եղած գումարն ամբողջությամբ ներդնում է համայնքի շենացման համար, մենք այդ ղեկավարների հետ պատրաստակամ ենք ամենօրյա ռեժիմով աշխատելու, իսկ որոշ համայնքներում, մասնավորապես՝ Նորաշենում, խնդիրը լիովին այլ էր: Մեզ վերապահված լիզորությունների շրջանակում մենք գործել ենք իրավական առումով ճիշտ, ներկայացրել ենք լիազոր մարմնին և իրավական գնահատական է տրվել համայնքի ղեկավարի գործողություններին, որի արդյունքում համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են»,- նշեց մարզպետը:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե համայնքում ընտրակեղծիքներով ընտրված համայնքապետեր կա՞ն, Սարգսյանը նշեց, որ փաստեր չկան, բայց համայնքի բնակիչները շատ լավ գիտեն՝ ով ինչպես է ընտրվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







