Դիմել ենք Վենետիկի հանձնաժողովին, սպասում ենք պատասխանին, որից հետո ԱԺ-ում պետք է ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու ճանապարհ փնտրենք նախագծի տեսքով: Այդ մասին ԱԺ-ում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Մենք բազմիցս նշել ենք, որ ՍԴ նախագահի ընտրությունները շատ կասկածելի հանգամանքների բերումով են տեղի ունեցել և բազմիցս նշել ենք, որ ՍԴ մոդելը կյանքի չի կոչվել:
Եթե մենք կարծում ենք, որևէ դատավոր, վերանալով անձերից, ունի խնդիրներ կոռուպցիայի հետ, օրինակ՝ հայտարարագրերի վերլուծությունը կբերի նրան, որ կարձանագրվի, որ օրինական եկամուտներով չի հաստատվում որևէ գույքի ավելացում և այլն, այդ բոլոր դեպքերում արդեն կան կարգապահական պատասխանատվության ընթացակարգեր:
Դրանք կիրառելի են բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ դատավորների մասով: Մենք հիմա ունենք Դատական օրենսգրքի փոփոխություններ և, դրան զուգահեռ, սկսած սահմանադրական բարեփոխումների պրոցես»:
Ինչ վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագծին, թե այն մահակ է ծառայում, նախարարը նշեց, որ որևէ մեկին չեն վախեցնում, այլ խնդիր կա, երբ իրենք իրենց են վախենում որևէ օրենքի ընդունումից կամ որևէ մեկը մտահոգություն ունի որևէ քրգործից, կամ որևէ մեկը հակակոռուպցիոն նոր գործիքներից մտահոգություն ունի:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ դա որպես այդպիսի գործիք չծառայի: Հիմքերը շատ պարզ են: Օրինական հիմքերով հիմնավորվում է գույքի առկայությունը, թե ոչ: Ուսումնասիրություն է իրականցվում, այն պատժիչ բնույթ չունի, այն գույքի դեմ ուղղված հայցի տեսակ է և ապօրինի գույքը տնտեսական գործունեությունից հանելու միջոց: Բնական է, որ այս օրենքի ընդունումից հետո բազմաթիվ անհանգիստ շարժումներ կլինեն, բայց միայն օրենքից չէ, կարող են այլ քրեական գործերից լինել»,-ասաց նա:
Նախարարի խոսքով, մարմինը, որը պետք է զբաղվի դրանով, հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է, մրցույթը հայտարարված , նպատակն այն է, որ թեկնածուներն այնպիսին չլինեն, որը հետո վտանգի տակ կարող է դնել այդ գործիքի արդյունավետ կիրառումը:
Ինչ վերաբերում է վեթթինգի չիրագործմանը, նախարարը նշել է՝ բերել է բոլոր այն հնարավորությունները, որ վեթինգը հնարավոր դառնա:
«Իմ նշանակումից հետո ընդունվել է Դատական օրենսգիրքը, որը ամենաարագ ճանապարհն է որևէ գործողություն սկսելու համար: Բացի այդ, բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր են մշակվում ԲԴԽ-ի հետ, որպեսզի հնարավոր լինի վեթինգի գործընթացը:
Նույն դատաիրավական ռազմավարության մեջ նշված է նաև, որ անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ: Չլինեին սրանք մենք ոչինչ չէինք ունենա: Որևէ գործիք չէր լինի օրենսդրությամբ, որոնք մինչ այդ էլ կային»,-նշեց նախարարը:
Բադասյանի խոքով՝ եթե մարդիկ կան, որոնք առանց պատկերացում ունենալու կարող են նման քննադատություն հնչեցնել, որ հնարավոր էր ամեն ինչ անել մինչ այժմ, պետք է ցույց տան այդ ճանապարհները:
«Ես բազմիցս նշել եմ այն կետերը, որոնք հնարավորություն չեն տալիս, օրինակ, ալբանական մոդելը ՀՀ-ում կիրառել»,-ասաց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







