ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու մասին ահազանգ ատացվել է արդեն այն բանից հետո, երբ պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ոստիկանական բաժանմունք։
Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած միջադեպի մասին աղմկահարույց տեսանյութի հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանական բաժանմունք, որտեղ բերման է ենթարկվել պարետատան որոշումը խախտած քաղաքացին: Թաթոյանը տեղեկացրել է, որ գրասենյակի աշխատակիցները զրուցել են բերման ենթարկված քաղաքացու հետ, ինչպես նաև լսել են ոստիկանների հիմնավորումները:
«Ոստիկանությունն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու հնարավորություն: Ինչպես ցանկացած իրավական պետությունում, այնպես էլ Հայաստանում, իրավախախտում թույլ տված ցանկացած անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց պետության արձագանքը միշտ պետք է լինի համաչափ այն իրավախախտմանը, որը կատարվում է»,- ասաց Թաթոյանը:
Օմբուդսմենը հավելեց, որ ոստիկանության հետագա գործողությունների հետ կապված՝ բերման ենթարկվելուց հետո քաղաքացու ներկայացուցիչներից բողոքներ չեն ստացվել:
Հունիսի 5-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։ Տեսանյութի հետ կապված ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերման է ենթարկվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







