ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանը, ըստ որի՝ Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի, ասել է․ «Կորոնավիրուսի առաջին օրվանից սերտորեն համագործակցում ենք Վրաստանի կառավարության հետ ու այն արդյունավետ ենք համարում․ Վրաստանը եղբայրական երկիր է։ Մեզ շատ ջերմացնում է այդպիսի պատրաստակամությունը։ Եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց հույս ունենք՝ նման անհրաժեշտություն չի ծագի»։
«Ինչպես մենք բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք անել, որպեսզի աջակցության կարիք չունենանք, չնայած, ասում եմ, մենք պետք է պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար, առավելապես Վրաստանը եւ Հայաստանը իրար օգնելու եւ ուզում եմ հիշեցնել, որ 2019թ․ կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել եւ այս ընթացքում մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետեւ համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են»,- նշել է վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







