Այսօր՝ մայիսի 29-ին, տեղի կունենա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Նիստը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով։
Մասնակիցները կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերը, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Ենթադրվում է, որ կառավարությունների ղեկավարները ուշադրություն կդարձնեն ԱՊՀ-ի շրջանակներում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերին, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերին»,-ասված է Ռուսաստանի կառավարության հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը ներառում է 15 հարց, այդ թվում՝ մինչև 2030 թվականը Համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը, որը սահմանում է ԱՊՀ երկրների առևտրատնտեսական համագործակցության հիմնական սկզբունքներն ու ուղենիշները, ինչպես նաև միավորման շրջանակներում մի շարք այլ փաստաթղթեր:
Օրակարգում են նաև տնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, էներգետիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության թեմաները։ Նիստի արդյունքում նախատեսվում է տրանսպորտի, էներգետիկայի, կրթության, մշակույթի, երիտասարդական քաղաքականության, ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ համատեղ փաստաթղթերի ընդունում:
Նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







