Արցախը վերջին տարիներին եղել է մոլորակի ամենաանվտանգ երկրներից մեկը, ունեցել է հանցագործության ցածր մակարդակ: Այդ մասին Արցախի Հանրապետության ոստիկանությունում հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանության ծառայողներին՝ ընդգծելով, որ հենց նրանք են ապահովում երկրի ներքին կայունությունը:
«Ոստիկանության համակարգն իմ պաշտոնավարման ընթացքում լինելու է խիստ ուշադրության կենտրոնում, ջանք չենք խնայելու համակարգի զարգացման, աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման և ծառայողների նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ»,- նշեց ԱՀ նախագահը։
Հարությունյանը նշեց, որ շատ բախտախնդիրներ փորձում են պառակտումներ մտցնել երկրում՝ ընդգծելով, որ արհեստավարժ համակարգը չպետք է պառակտում թույլ տա՝ կանխելով այդ բախտախնդիրների ծրագիրը:
Հարությունյանը, դիմելով նորանշանակ ոստիկանապետին՝ Աշոտ Հակոբջանյանին, հայտարարեց, որ Արցախում պետք է ապահովվի օրենքի առջև բոլորի հավասարությունը․ Արցախում արտոնյալ անձ չպետք է լինի:
«Ոստիկանության գործելաոճը պետք է փոփոխության ենթարկվի, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման և բռնության ցանկացած դեպք խիստ արձագանքի է արժանանալու»,- նշեց ԱՀ նախագահը։
Հարությունյանը վստահեցրեց, որ առաջիկա տարիներին լուծվելու են ծառայողների բնակարանային խնդիրները, շուտով Ստեփանակերտում և շրջկենտրոններում ակտիվ շինարարություն է սկսվելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







