Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կադրային առաջին նշանակումների մասին:
Հարությունյանը նշել է, որ Սամվել Բաբայանի հետ արդեն իսկ ստորագրվել է համագործակցության հուշագիր, Մասիս Մայիլյանի հետ նույնպես արդյունավետ գործակցություն կա:
ԱՀ նախագահը նաև հորդորեց քաղաքական գործիչներին չվիրավորել Արցախի պետականաշինության գործում դեր ունեցած մարդկանց, չփորձել պիտակավորել ազգի ապագայի համար ձեռքբերված համաձայնությունը:
««Ոչ մեկ չի ծախվել», «ոչ մեկին չեն առել», այլ այդ բառերն օգտագործողներն են ծախվողները: Հանուն ազգի և հանուն ապագայի է ամեն ինչ կատարվում: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին և պաշտոն չենք տալիս ոչ մեկին, այլ մենք առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ»,- ասաց ԱՀ նախագահը:
Հարությունյանն ասաց, որ համագործակցելու են բոլորի հետ, ձեռք է մեկնելու բոլորին, որոնք վստահության քվեն են ստացել ընտրություններին:
Արցախի նախագահը նաև հայտնեց, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են լինելու:
ԱՀ նախագահը կարևորեց նոր՝ Ռազմահայրենասիրության, երիտասարդության և սպորտի նախարարության գոյությունը, հասարակություն-բանակ կապի ամրապնդումը, ռազմահայրենասիրության քարոզումը, փոփոխություններ կլինեն Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, նախագահի վերահսկողական ծառայությունը դառնալու է պետական վերահսկողական ծառայություն:
«Պետական համակարգում ծանոթ-բարեկամ-խնամի կապը պետք է վերանա, և որտեղ կան նման կապեր, պետք է 7-օրյա ժամկետում լուծել այդ հարցը, արգելել: Նման երևույթները խիստ պատժվելու են, ուստի կոչ եմ անում բոլոր ղեկավարներին 7-օրյա ժամկետում ազատել նրանց»,- ընդգծեց նա:
Խոսելով կադրային նշանակումների մասին՝ Հարությունյանն ասաց, որ այսօր խորհրդակցություն է հրավիրել, շատերին հրաժեշտ կտան, կլինեն նոր նշանակումներ:
«Մինչև հունիսի 1-ը նոր կառավարությունը ձևավորված կլինի: Աշխատանքը սկսելու է 09.00-ին, եթե որևէ մեկին ձեռք չի տալիս, խնդրում են հաշվի առեք, այդպես է սկսում կարգապահությունը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը: Արգելվելու է շքեղություններից օգտվել: Եթե այդ սկզբունքը ձեռք չի տալիս, հրաժարվեք, որ վաղը ստիպված չլինեմ որոշում կայացնել աշխատանքից ազատելու մասին: Պետք է հարգվեք ժողովրդի կողմից, և բոլորի աշխատանքում հաշվետվողականությունը պետք է ամենակարևորը լինի»,- եզրափակեց Ա.Հարությունյանը:
Նշենք, որ Արցախի Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո քսանօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







