1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրավապահ համակարգում Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Ինչպես հայտնի է, 2021 թվականին պետք է ստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտեն, որը լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական մարմին:
Ըստ այդմ, այդ ժամանակ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, և Հակակոռուպցիոն կոմիտե, որը որպես հիմնական մասնագիտացված մարմին կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրավապահ համակարգում ներքին քննարկումները դեռ շարունակվում են: Վերջիններս խառնված են և դեռ չեն պատկերացնում, թե ինչպես են աշխատելու այդ մարմնի ստեղծումից հետո:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք դեռևս չեն պատկերացնում, թե քրեական գործերի առումով ով ինչով պետք է զբաղվի: Սակայն թերթի տեղեկություններով, իրավապահ համակարգը որոշում ունի, որ Հատուկ Քննչական ծառայությունից կոնկրետ գործեր արդեն տեղափոխվում են Քննչական կոմիտե և ՀՔԾ-ում մնալու են միայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Սոցապնախարարության աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է` Ստեփան Մաչյանը, ով նախարարության ֆինանսական բաժնի պետն է, որի վրա Բաթոյանը դրել է նաև աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, երբ դրանք պետք է դրվեին աշխատակազմի ղեկավարի տեղակալի վրա:
Արդեն մեկուկես տարի նախարարությունն աշխատակազմի ղեկավար չունի, նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ երբ դրա կարիքը զգացվի, կունենան։
3․ «Փաստ» թերթը գրում է, որ վերջին շրջանում «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերության շուրջ աղմկոտ մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, ինչի արդյունքում որոշ ժամանակ խնդիրներ էին առաջացել ընկերության բնականոն գործունեության առումով:
Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, «Յուքոմին» հաջողվել է գրեթե լիարժեքորեն հաղթահարել մասնավորաբար կադրային «շոկը». թերթի աղբյուրները փոխանցում են, որ թիմ են վերադարձել մոտ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատված բազմաթիվ աշխատակիցներ, մյուս կողմից՝ նոր աշխատակիցներ են ընդունվել աշխատանքի: Ավելին, ներկայումս ավարտին են մոտենում ընկերության զարգացման նոր ռազմավարական ծրագրի աշխատանքները:
Թերթի աղբյուրները պնդում են, որ իրականում այս ընկերությունը հնարավոր է ստեղծված վիճակից դուրս գա ավելի ուժեղացած:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հաստատել է, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել։
«Ոչինչ չի ասել, դուռը բացել, դուրս է եկել, իսկ թե ինչ դեմքով է նա դուրս եկել, կադրերը կան, կարող եք նայել»: Նա նշել է, որ իրենք փաստացի բոյկոտում են ԱԺ նիստերը, քանի որ իրենց ֆիզիկական անվտանգության հարցը դեռ չի լուծվել:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ պետական համակարգը նախկիններից մաքրելու Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից օրեր անց, թերթի տեղեկություններով, պետական որոշ գերատեսչություններ, մասնավորապես՝ ուժային կառույցները, կառավարության աշխատակազմից գրություն են ստացել, որոնց մեջ նույնիսկ անուններ են նշել, թե ումից պետք է ազատվել։
Ցանկում ընդգրկված անունները հիմնականում շաղկապված են եղել Մարտի 1-ի հետ և հայտնի են եղել նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների հետ բարեկամական-մտերմական կապերով։
Սակայն գերատեսչությունների ղեկավարներից մի քանիսը, փոխանակ կատարեն վարչապետի կողմից իջեցված հրահանգները, ցանկը վերցրել և գնացել են նրա դուռն ու, այսպես կոչված, «անձնական երաշխավորություն» ներկայացրել, որ սև ցուցակում հայտնված պաշտոնյաները կգործեն իրենց վերահսկողությամբ, և նրանցից վտանգ չկա:
6․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորը արմատներ ունի, որոնք տանում են դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
Բանն այն է, որ Թամրազյանի ու Անափիոսյանի փոխհարաբերությունները վաղուց են լարված եղել, և այժմ լուրեր կան, որ Թամրազյանի դեմ դավեր է նյութում նախկին գործընկերը: Խոսվում է այն մասին, որ Թամրազյանն է կարողացել այնպիսի փաստեր ներկայացնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` ընդդեմ փոխնախարարի, ինչի պատճառով որոշում է կայացվել Արևիկ Անափիոսյանին ազատել աշխատանքից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արևիկ Անափիոսյանը ժխտեց՝ հավաստիացնելով, թե նման բան չկա, իսկ Թամրազյանի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ ասաց, որ եղելության մասին տեղեկանում է մամուլից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը՝ մայիսի 25-ին, տեղի է ունենալու Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստ, որին ներկա են լինելու Սմբատ Գոգյանն ու Գրիշա Թամրազյանը:
7․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ուղիներից մեկը երեկ «Ազատության» եթերում ներկայացրել է ՀՀ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Եվ եթե այն կյանքի կոչվի, ստացվում է՝ իշխանությունները հրաժարվում են իրենց նախնական ծրագրից: Սակայն նոր տարբերակի իրագործման պարագայում Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել:
Այսինքն՝ Ռուբինյանի արտահայտած տարբերակից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ ՍԴ անդամ, իսկ այդ պաշտոնին հրաժեշտ կտան միայն երկուսը: Բայց նկատենք, որ Հրայր Թովմասյանը միայն կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչև թոշակի անցնելը, սակայն կմնա շարքային դատավոր:
Հրայր Թովմասյանը դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանն իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով: Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել նախկին կարգով, սակայն նրանցից միայն երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի, իսկ, ահա, Արևիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանն էլ կշարունակեն պաշտոնավարել եւս 1-2 տարի:
8․ «Իրավունք» թերթը գրում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շշուկներ են պտտվում, որ Երևանի Նորքի տուն ինտերնատում ստեղծված իրավիճակով է պայմանավորված ինչպես փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի աշխատանքից ազատվելը, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ինքնամեկուսացվելը, թեպետ նա թեստ է հանձնել և արդյունքը բացասական է եղել:
Ավելին` ոմանք նույնիսկ կարծում են, թե հաջորդ նախարարը, որը հրաժարական կտա կլինի հենց Զ. Բաթոյանը։
9․ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությանը սպասարկող փորձագիտական մի խումբ բավականին փակ ռեժիմով, որպեսզի հանրային լայն արձագանք ու ավելորդ մեկնաբանություններ չլինեն, շարունակում է ինտենսիվ աշխատանքներ տանել ՀՀ-ում անցումային արդարադատություն իրականացնելու հարցի շուրջ։
Այս հարցում ակտիվ ներգրավված են նաև որոշ միջազգային փորձագետներ, որոնց հետ խումբը տեսակապով պարբերական քննարկումների մեջ է։ Թերթի ունեցած տեղեկությամբ, իշխանության հիմնական նպատակը սահմանադրական փոփոխություն իրականացնելիս պատրաստի հայեցակարգ ունենալն է, որպեսզի միանգամից ամբողջական փաթեթով հարցը դրվի հանրային քննարկման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







