ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու եւ վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերեւույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանին եւ Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի եւ խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
20.05.2020թ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն և խնդրել՝ աջակցել Ռ.Հայրապետյանին վերադառնալու Հայաստան, քանի որ դեսպանությունն է կազմակերպում ՀՀ քաղաքացիների վերադարձը: Պարզվել է, որ 2020թ. մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չվերթ է նախատեսված և դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ Ռ.Հայրապետյանի կողմից դիմելու դեպքում, աջակցել և կազմակերպել վերջինիս վերադարձը:
Այս ամենի մասին վարույթն իրականացնող քննիչը տեղեկացրել է ինչպես Ռ.Հայրապետյանին, այնպես էլ նրա պաշտպանին՝ Ամրամ Մակինյանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







