Խորհրդանշանական է, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնում եմ պատմական Շուշիում և հաղթական մայիսին: Այդ մասին երդմնակալությունից հետո հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
ԱՀ նորընտիր նախագահն ընդգծեց, որ նվիրյալների կամքի ու ջանքի գնով մեզ հաջողվել է հասնել միասնական հայրենիք ունենալու մեծ երազանքին և 28 տարի պահպանել և զարգացնել այն, իսկ հիմա նոր երազանքներ դնելու և իրականացնելու ժամանակն է՝ մեկը մյուսից մեծ և անհավանական:
Հարությունյանը նշեց, որ հիմա ժամանակն է երազելու և գործելու ռազմական, տնտեսական, քաղաքակրթական առումներով զորեղ հայրենիքի, ժողովրդի համար բարեկեցիկ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ, մեծ հայրենադարձություն իրականացնելու, հայոց միացյալ հայրենիքի համամարդկային և միջազգային դերակատարության և պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ, համազգային երազանքներ ունենալու ուղղությամբ:
«Երդվում եմ՝ մեզ երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը այս և մի շարք այլ երազանքներ կյանքի կոչելու ուղղությամբ»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահը, դիմելով ՀՀ վարչապետին՝ հավաստիացրեց, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատար է Մայր հայրենիքին և պատրաստ է կիսել հայրենիքի առջև ծառացած բոլոր դժվարությունները:
Հարությունյանը հայտնեց նաև, որ Արցախի ԱԺ–ն Շուշի տեղափոխելու մտադրություն կա, և այդ ուղղությամբ քայլեր կիրականացնեն։
Արցախի նախագահի խոսքով` մի քանի հիմնական սկզբունքներ կան, որոնք ընդգրկված են լինելու իր գործունեության սկզբում։ Դրանցից առաջինը սահմանում է, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետությունը` բարձրագույն արժեքին ծառայող հաստատություն։
Սկզբունքներից հաջորդն էլ այն է, որ միացյալ հայրենիքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ենթակա չէ որևէ վերապահման և սակարկման։ Հարությունյանի խոսքով` Արցախի բնակչության գլխին կախված սուրը պետք է համարել յաթաղան` ողջ հայության գլխին։ Նախագահն ասաց, որ պատրաստ են այդ յաթաղանը վերածել բահի, գրչի, խաչի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև սրի։
Նա վստահեցրեց, որ Արցախի ժողովրդի կողմից տրված քվեն հատուկ հանձնարարական է իրեն՝ իրականացնելու ժողովրդի հույսերը և իրականացնելու երկրի ընթացքը առավել լուսավոր ապագա:
«Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այս հայտարարությումբ իր ելույթն ավարտեց Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հանդես էր եկել ծրագրային ելույթով և ասել, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







