ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 20-ին, դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական նախագծին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը երկրորդ ընթեցմամբ նախագծի քննարկմանը հանձնաժողովի նիստում նշեց, որ նախատեսվում է անցում կատարել կենսաթոշակների անկանխիկ վճարմանը:
Սմբատ Սաիյանն ասաց, որ որոշակի կանոնակարգումներ կկատարվեն, և կսահմանվի, որ կենսաթոշակը հիմնականում վճարվի անկանխիկ եղանակով:
«Առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով նախատեսվում է, որ եթե անձը կենսաթոշակ նշանակելու համար դիմում ներկայացնում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, ապա նրա կենսաթոշակը վճարվում է բացառապես կանխիկ եղանակով: Կան բացառություններ, եթե 75 տարին լրացած է կամ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է կենսաթոշակառուն»,- տեղեկացրեց փոխնախարարը՝ հավելելով, որ Կառավարությունն առաջարկում է, որ առկա իրողություններով պայմանավորված՝ 2020 թվականի հուլիսի 1-ի ժամկետը հետաձգվի մինչև սեպտեմբերի 1-ը:
Սաիյանը նշեց, որ կհստակեցվեն նաև ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետները, կսահմանվի այն գյուղերի ցանկը, որտեղ պետք է կենսաթոշակը վճարվի կանխիկ եղանակով, կամ հետաձգվում է անկանխիկի ներդրումը:
Կենսաթոշակների վճարման համակարգն անկանխիկը սահմանելու գործընթացը կիրականացվի փուլային: Սաիյանը տեղեկացրեց, որ առաջին փուլում այն կիրականցվի Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Մյուս տարի կընդգրկվեն մնացած քաղաքները, ապա՝ մանր ու խոշոր գյուղերը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ փուլային տարբերակը միտված է նրան, որ այդ ընթացքում լուծվեն բանկային ենթակառուցվածքի անկանխիկ գործառնություններ կատարելու համար ենթակառուցվածքների հասանելիության խնդիրները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







