ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ առնվազն մեկ տարի հնարավոր չի լինի հանրաքվե անցկացնել և ՀՀ իշխանությունները քննարկում են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը որևէ բանաձևով խորհրդարանում լուծելու տարբերակը։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հիմա որոշվեց ՍԴ ճգնաժամի համար դիմել Վենետիկի հանձնաժողովին, արդյոք մտադիր են չեղյալ համարել հանրաքվեն՝ Փաշինյանը նշել է որ նախկինում էլ հանրաքվեի շրջանում նույնպես մտադրվել էին դիմել Վենետիկի հանձնաժողովին։
«Տեսեք, կորոնավիրուսի իրավիճակն այնպիսին է, որ դեռ 1 տարի ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ տարի մենք հանրաքվե չենք կարող անել, որովհետև հայտարարել ենք, որ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել մեր կողմից, քան հանրության առողջության շահերը։ Բայց մենք չենք կարող նաև սպասել Սահմանադրական դատարանի իրավիճակի լուծմանը մինչև կորոնավիրուսի համաճարակը ավարտվի։ Եթե պիտի սպասենք, հենա Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել, սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով կարող է դրվել հանրաքվեի։ Այսինքն մի տեսակ անիմաստ է դառնում։ Մենք մտածում էինք այս տարի այս հանրաքվեն անել, խորհրդարանական ընտրությունների հետ 2023-ին կանենք մյուսը, բայց այդ ժամանակացույցը չի ստացում»,-մանրամասնել է ՀՀ վարչապետը։
Շարունակելով իր միտքը՝ Փաշինյանն ասաց, որ դիմել են Վենետիկի հանձնաժողովին և քննարկվում է սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում որևք բանաձևով լուծելու հարցը։ «Ոչ մի բան չի խանգարում, որ միջազգային մեր գործընկերների հետ մեր աշխատանքը կարգաբերենք և ստանանք արդյունավետ եւ կոնսենսուսային լուծումներ»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն չկայացավ կորոնավիրուսի տարածման պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







