Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։ Armenia Today-ի հետ զրույցում տեղի բնակիչները նշեցին, որ պատճառն այն է, որ քաղաքացին լինելով վարակակիր շարունակել է շփումը քաղաքացիների հետ։ Ընդ որում նշվում է, որ նա շփումը շարունակել է անգամ թեստի դրական պատասխանից հետո, ինչն էլ վրդովմունքի պատճառ է հանդիսացել։
Թե ով կարող է այս ամենի հեղինակը լինել, տեղի բնակիչները դժվարանում են նշել։
Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ տան վրա հարձակում չի եղել, ուղղակի պատերի վրա ինչ-որ մարդիկ մի քանի ոչ պարկեշտ գրառում են արել, բայց տանը որևէ վնաս չի հասցվել:
«Մեր ոստիկանապետն ու իմ տեղակալը վաղ առավոտյան եղել են դեպքի վայրում, գրածները մաքրել ենք տվել, հիմա էլ ճշտում ենք՝ ում տանը տեսախցիկներ կան, որ կարող է նկարած լինեն, որ տեսագրությունները նայենք ու մեղավորներին գտնենք։ Ասում եմ՝ տանը վնաս չի հասցվել, ուղղակի մարդիկ «լակոտություն» են արել»։
Համայնքապետը շեշտել է, որ դատապարտում է այդ արարքը, և վստահեցնում է, որ մեղավորները հայտնաբերվելու և պատժվելու են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







