Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա խոսել է կորոնավիրուսային համաճարակի խնդիրների մասին։ Ըստ վարչապետի՝ այդ խնդիրները դուրս են մնացել հանրային ուշադրությունից, իսկ վերջին օրերին օրական 100-ից ավելի դեպք է գրանցվում։
Փաշինյանն ասել է, որ հաշվի են առել տնտեսական և սոցիալական վիճակն ու որոշել են փուլային ճանապարհով գնալ բացման, և այս պահին արդեն բացվել են տնտեսական գործունեության գրեթե բոլոր ձևերը։ Ըստ Փաշինյանի, սակայն, այս ամենը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրը կանոնները պահպանելու պատասխանատվություն ստանձնի։
«Այսօր փողոցներում տեսնում եմ իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ զրուցող մարդկանց, և սա մեծ խնդիր է։ Այս տեմպերով մենք կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել», — հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետը հորդորեց պահպանել սոցիալական հեռավորություն, հակառակ դեպքում, եթե հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, ստիպված կլինեն գնալ սահմանափակումների։
«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը 1 տարի մեր կողքին է լինելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ։ Բայց դա չի նշանակում՝ առանց կաշկանդվածության վարակվել ու վարակել։ Եթե այս տեմպերով գնանք և նոր հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների», — հայտարարեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ սահմանափակումների նպատակն այն է, որ հանկարծ չլինի այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







