ԶՈՒ մի շարք զորամիավորումներում անց են կացվել ռազմական վարժանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից։
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ստուգելու և մարտավարական մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետեր, զինծառայողները ճշտել են պայմանական հակառակորդի կոորդինատները և կրակի վարմանը նախապատրաստել հրետանային միջոցները:
Անձնակազմի տեսական գիտելիքները զարգացնելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 11-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տանկային ստորաբաժանումների վարժանքներ` մարտական հրաձգությամբ: Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ծանոթացել է վարժությունների կատարման պայմաններին և հրահանգավորվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Զինծառայողներն իրականացրել են արգելագոտու հաղթահարման պարապմունքներ, խոցել պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերն ու կրակակետերը:
Մայիսի 11-ին 3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունք: Ստուգվել են հակաօդային պաշտպանության հրամանատարական կետերի անձնակազմերի մասնագիտական գիտելիքները, ըստ իրադրության՝ տրվել են ներմուծականներ: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







