«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախ կատարած այցին։ Նա տեղեկացրել է, որ ԼՀ կառավարման խորհրդի որոշմամբ՝ ինքը և Մանե Թանդիլյանն այցելել են Արցախ։
«Այցի նպատակն էր մինչև Արցախի իշխանությունների պաշտոնավարման սահմանադրական ժամկետների ավարտը հանդիպել Արցախի գործող իշխանություններին և մեր երախտիքի խոսքը հայտնել այս տարիների ընթացքում նրանց կատարած աշխատանքի և մեր համագործակցության համար»,- նշել է Մարուքյանը։
Նա տեղեկացրել է, որ մայիսի 10-ին և 11-ին հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։
Բակո Սահակյանի հետ քննարկել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:
«Արցախի ԱԺ նախագահն էլ իր հերթին խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ բարձր գնահատեց այն և համոզմունք հայտնեց, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների և մշտական հանձնաժողովների մակարդակում»:
Մարուքյանը տեղեկացրել է, որ ԱՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը ներկա էին նաև նրա տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Նշվել է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ քննարկել են հոգևոր անվտանգությանը, հայկական ինքնությանն ու ազգային-հոգևոր ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։ Ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և քննարկել ապագա համագործակցությանն առընչվող հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







