ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նա նշեց, որ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի անձեռնմխելիությունից զրկելու համար։
«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել էր «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է զբոսնող Դանիելյանի վրա։
Ավելի ուշ, Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից Արթուր Դանիելյան հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







