Վարչապետի հետ խոսել ենք Արցախյան հարցի շուրջ ներքաղաքական շահարկումների մասին։ Այս մասին, ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:
Նա նկատեց, որ երեկ էլ նույն թեմայով զրուցել է ԱԳ նախարարի հետ։ Նրա խոսքով` Արցախի հիմնախնդրի առնչությամբ տարաձայնության հարց չկա, և սա այն խնդիրն է, որի առնչությամբ բոլորն էլ համախմբված են։ Մարուքյանը նշեց, որ ժամանակ առ ժամանակ նման քննարկումների կարիք կա։
«Հրապարակային հայտարարություններից դուրս որևէ մտահոգիչ բան չկա: Ինձ համար Արցախի հիմնախնդրի վերաբերյալ եղած շահարկումները փարատված էին նախկինում, հիմա էլ են փարատված: Այս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ բանակցային փաստաթղթի վերաբերյալ չեն խոսել. «Որևէ փաստաթուղթ չի բանակցվում, ես տենց գիտեմ։ Ես գիտեմ, որ չկա և չեմ հարցրել»։
Նրա կարծիքով՝ պետք է երկար սպասել հասնելու համար այնպիսի որոշման, որը ընդունելի լինի երեք կողմերի համար էլ՝ եթե ինչ-որ որոշում կլինի՝ կգան խորհրդարան, Արցախ, նաև կսկսվեն հրապարակային քննարկումներ։
Մարուքյանը չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ հարցեր է ուղղել Փաշինյանին, դիտարկմանը՝ չի հետաքրքրվել Արցախը հանձնելու հարց կա՞, թե՞ ոչ, Մարուքյանն ասաց, որ դա անլուրջ մոտեցում կլիներ:
«Դա ինձ թվում է անլուրջ խոսակցություն է, ո՞նց եք պատկերացնում տեսնում ենք ԱԳՆ-ին, ասում ենք՝ կարո՞ղ է Արցախը հանձնում եք, տեսնում ենք վարչապետին, հարցնում ենք՝ կարո՞ղ է Արցախը հանձնում եք։ Իմ երևակայության մեջ Հայաստանում նման իշխանություն չեմ պատկերացնում», — հավելեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







