Գազի հետ կապված իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է, որովհետև ընդհանուր առմամբ այն մղումը, որ ՌԴ-ի մեր գործընկերներն ունեն՝ տնտեսապես ավելի մրցունակ դարձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, մեզ համար հասկանալի և ընդունելի ձգտում է, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գազը խողովակով գնում-հասնում է բաժանորդին։ Եթե այդ խողովակը չսպասարկվի, մեկ-երկու տարուց ուղղակի շարքից դուրս կգա, և գազը չի հասնի տեղ։ Այդ խողովակը որպեսզի լինի, պետք է ընկերությունը պատշաճ շահույթ ունենա, որ այդ շահույթով սպասարկի այդ ենթակառուցվածքները»,- ասաց վարչապետը։
Վարչապետը նշեց, որ կփորձեն իրենց գործընկերների հետ խոսել, մանավանդ որ ԵԱՏՄ օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկը էներգետիկ շուկայի ձևավորումն է։
«Ընկերությունը պետք է պատշաճ շահույթ ունենա, որպեսզի սպասարկի ենթակառուցվածքը: Բայց այս փուլում՝ մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի պայմաններում և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, պետք է այլ մոտեցում ցուցաբերի: Մենք կփորձենք խոսել մեր գործընկերների հետ», — ասաց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







