Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր ՀՀ կառավարությունն իրականացրել է 16 հակաճգնաժամային միջոցառում։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 16 հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 21 հազար տնտեսվարողի՝ նրանց տրամադրելով արտոնյալ վարկեր։ Ավելի քան մեկ միլիոն ֆիզիկական անձ Կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն՝ նշեց վարչապետը։
«Ուրախ եմ արձանագրել, որ մայիսի 5-ի դրությամբ՝ վարկային կազմակերպություններն ու բանկերը վարկային արձակուրդ են տվել ավելի քան 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է 768,150 վարկ ֆիզիկական անձանց և 16,875 վարկ իրավաբանական անձանց»,- նշեց վարչապետը։
Խոսելով կոմունալ վճարների փոխհատուցման մասին՝ վարչապետը նշեց, որ իրենք 4 ծրագիր են իրականացրել, մոտ 5 մլրդ դրամ փոխհատուցել են ՀՀ քաղաքացիների կոմունալ վճարները՝ այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել։
Նա ընդգծեց՝ սա մի հսկայական սեգմենտի համար ճիշտ էր, բայց այսօրվա դրությամբ՝ մոտ 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար: Սա, ըստ վարչապետի, ունի երկու բացատրություն. ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդներն ամենապարտաճանաչ վճարողներն են, և մոտավորապես 800 մլն դրամը հենց այս սեգմենտի հաշիվներին է նստել՝ որպես կանխավճար:
«Մեր գնահատմամբ՝ 1,2 մլրդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, ովքեր իրականում դրա կարիքը չունեն, նաև այս էր պատճառը, որ այս որոշումը կայացնելիս տատանվում էինք, քանի որ մեր ամենամեծ պրոբլեմը հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս եղել է հետևյալը՝ ինչպե՞ս դրանք դարձնել մաքսիմալ հասցեական: Մենք 1,8 մլրդ դրամ փոխանցել ենք այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա կարիքը չունեն, այդ թվում նաև մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվների փոխանցել ենք մոտ 20 000 դրամ՝ յուրաքանչյուր բաժանորդի համար: 1,8 մլրդ դրամի փոխանցումը ստացած մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր չունեն այդ աջակցության կարիքը, կոչ եմ անում աջակցել մեզ, որ այդ գումարը վերահասցեագրվի»,- ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







