Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ։ Գործադիրը մշակել է հակաճգնաժամային 15 միջոցառումներ` կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական հետևանքների մեղմման համար։
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից՝ շուրջ մեկ ու կես ամսվա դադարից հետո, հանվել են սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ Սահմանափակումները չեղարկելու նպատակահարմարության, ստեղծված իրավիճակում տնտեսական շոկերին դիմակայելու համար Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ։
Պատգամավորի կարծիքով՝ կորոնավիրուսի նախորդ տվյալներն ապացուցում են, որ հաստատված դեպքերը պետք է աճեին, ոչ թե նվազեին, որովհետև ամեն մի վարակակիր իր հերթին վարակում է ևս երկուսին, սակայն տնտեսվարողների գործունեությունն անգամ այս վիճակում պետք է թույլատրվեր։
«Պետք է հետևել կորոնավիրուսի տարածման դինամիկային։ Այն որ պետք է բացեին սպասարկման ոլորտի որոշ ընկերություններ, այդտեղ այլընտրանք չկա, որովհետև մեր տնտեսությունը այն դիմադրողականությունը չուներ և հանրության եկամուտներն այնպիսին չէին, որ կարողանայինք դիմակայել երկար ժամանակ, հատկապես մարզերում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ կարևոր է, որ տնտեսվարողները խստագույնս պահպանեն սահմանված կանոնները և կրեն պատասխանատվություն՝ կանոնները չպահպանելու համար։
«Մի կողմից՝ առողջապահական համակարգը չի կարող ընդունել առավել մեծ թվով վարակվածներին, մյուս կողմից՝ ռիսկերն են մեծանում։ Մեկ բան պետք է նկատենք՝ աշխարհի երկրների մեծ մասում վարակը գնում է թուլացման, որովհետև հոգեբանական, իմունիտետային ընկալումն այլ է, քան ամենասկզբում»,- նշեց պատգամավորը։
ԲՀ խմբակցության պատգամավորի կարծիքով՝ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը այլ բան է, ծավալը՝ այլ։
«Ծավալային առումով դրանք հեռու են բավարար լինելուց, որովհետև 25 միլիարդ դրամ տրամադրվում է սոցիալական աջակցության համար, 25 միլիարդը՝ բիզնեսի, 80-ը՝ զարգացման, բայց այդ 80-ը դեռևս չի ծախսվում։ Մի թիվ բերեմ՝ բիզնեսի աջակցության 25 միլիարդից 19,5-ը ստացել են 264 ընկերություններ։ Սա նշանակում է, որ թիրախավորումը, հասցեականությունը շատ նեղ շրջանակ է ընդգրկել, այսինքն էֆֆեկտը այն չի լինելու»,- նշեց Մելքումյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ճիշտ է այժմ թույլատրվում է որոշ տնտեսվարողների գործունեություն, բայց դա չի նշանակում, որ արտահանման շուկաները բաց են լինելու, գնագոյացման համակարգը ձեռնտու է։ Նա տեղեկացրեց, որ նախաձեռնել է մի շարք օրենքների նախագծեր, շրջանառության մեջ է դրել «Սնանկացման մասին օրենքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագիծը, ֆիզիկական անձանց ավանդների շեմը բարձրացնելու մասին նախագիծը, որովհետև բանկային համակարգի կայունությունը չպահպանելու դեպքում խնդիրներ կառաջանան։
Մելքումյանը նշեց, որ գործազրկության թվի աճը՝ ակնհայտ է, բայց այս համատեքստում կարևոր է իրենց նախաձեռնությունը՝ գործիքներ են նախանշել կառավարությանը՝ չգրանցված, օրավարձով աշխատողներին աջակցություն տրամադրելու համար։
«Գործազրկություն լինելու է, աշխատատեղեր այնքան չեն ստեղծվելու, որ փոխհատուցվի՝ հաշվի առնելով, որ արտագնա աշխատանքի գնացողները մնացել են երկրում»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը։
Նարե Հարությունյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







