ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացվեն համայնքներում նպատակային ծրագրերի իրականացման համար:
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նածագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:
Շուշանյանը նշեց, որ օրենքը նպատակ ունի ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացնել համայնքներին՝ նպատակային ծրագրերի համար:
«Մեզ համար անընդունելի է, սակայն, օրենքի մակարդակով ֆիքսել ընկերությունների անուններ, որոնցից պետք է մասհանումներ կատարվեն: Սահմանվում է, որ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների բոլոր բնապահպանական հարկերից մասհանումները պետք է հատկացվեն»,- ասաց փոխնակարարը:
Նախագծով առաջարկվում է, որ կառավարությունը սահմանի այն չափորոշիչները, որոնց հիման վրա արդեն համապատասխան լիազոր մարմինը կսահմանի ընկերությունների ցանկը․ արդյունքում կունենանք ավելի ընդլայնված ընկերությունների ցանկ և ավելի ընդլայնված համայնքներ՝ որպես այդ գումարների շահառուներ:
«Հաջորդ փոփոխությունն ուղղված է մասհանումների փոխանցման խնդրի լուծմանը: Առաջարկվում է, որ հաշվարկները կատարվեն ոչ թե փաստացի վճարներից, այլ՝ հաշվարկված գումարներից: Սրա արդյունքում համայնքները կարող են ստանալ նաև վերջին 2 տարվա գումարները»,- նշեց փոխնախարարը:
Շուշանյանը հայտնեց, որ գումարները չեն տրամադրվելու ինքնանպատակ, դրանք տրամադրվում են սուբվենցիոն նպատակային ծրագրերի համար:
Առաջարկվում է, որ համայնքները նախապես ծրագրերը հրապարակեն մարզպետարանի, համայնքի կայքում: Մյուս փոփոխությամբ, ըստ համայնքների կամ բնակավայրերի բաշխվածության, կարգ սահմանելու իրավասությունը վերապահվում է կառավարությանը: Այսինքն՝ կսահմանվի այն կարգը, որով մի քանի ազդակիր համայնք ունենալու դեպքում համապատասխան բաշխման կանոններն էլ կգործեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







