Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի պատգամավորները երկուշաբթի Սենատի նախագահ են ընտրել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Մաուլեն Աշիմբաևին: Այս մասին տեղեկատվությունը ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
Նա փոխարինում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստերը՝ Դարիգա Նազարբաևային:
Մայիսի 2-ին երկրի նախագահի հրամանագրի հիման վրա դադարեցվել էր Նազարբաևայի լիազորությունները։
Աշիմբաևը ծնվել է 1971 թվականին Ալմաթիում: 1993-ին ավարտել է Ղազախստանի պետական ազգային համալսարանը: 2016 թվականին ավարտել է նաև Թաֆթսի համալսարանը, Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցը (ԱՄՆ): Քաղաքական գիտությունների թեկնածու է, միջազգային հարաբերությունների մագիստրոս:
Տարբեր տարիներին նա աշխատել է որպես ավագ փորձագետ, ոլորտի ղեկավար, նախագահի աշխատակազմի վերլուծության և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարի առաջին տեղակալ: Զբաղեցրել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի վերլուծական կենտրոնի ղեկավարի պաշտոնը:
2012 թվականից մինչև 2016 թվականը Մաուլեն Աշիմբաևն աշխատել է V գումարման Խորհրդարանի Մաժիլիսի կազմում: 2016-ի մարտին դարձել է VI գումարման ստորին պալատի պատգամավոր: 2018-ի փետրվարից մինչև 2019-ի հունիսը զբաղեցրել է Nur Otan կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:
2019-ի գարնանը Աշիմբաևը ղեկավարել է նախագահի թեկնածու Քասիմ-Ժոմարտ Տոկաևի նախընտրական շտաբը և նրա վստահված անձն է եղել: 2019-ի հուլիսի 30-ին նշանակվել է նախագահի օգնական, իսկ 2019-ի դեկտեմբերի 18-ից դարձել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







