Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնության համար հիվանդանոցային համակարգում առկա է մոտ 350 ազատ մահճակալ, քաղաքացիների մի մասը բուժում է ստանում հյուրանոցներում: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երեկվա դրությամբ ունենք թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 9 քաղաքացի, 35 ծայրահեղ ծանր և 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մեկուսացման վայրերում ունենք մոտ 2 000 քաղաքացի: Ունենք մոտ 350 ազատ մահճակալ՝ հիվանդանոցային համակարգում, քանի որ քաղաքացիների մի մասն իրենց բուժօգնությունը ստանում են հյուրանոցներում, որովհետև որևէ սիմպտոմ չունեն: Եվ այդ մոտեցումը դեռ շարունակվելու է մոտ ժամանակներս՝ քանի դեռ մենք ունենք հյուրանոցային և մահճակալային ֆոնդ»,- ասաց Թորոսյանը:
Նախարարը հայտնեց, որ ասիմպտոմ, թեթև դեպքերը ստանալու են բուժօգնություն հիվանդանոցներում, և դա անվանում են չակերտավոր բուժօգնություն, քանի որ պացիենտներն ըստ էության որևէ բուժօգնություն չեն ստանում:
«Միջին և ծանր աստիճանի քաղաքացիները բուժվելու են հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված մահճակալային ֆոնդի վրա, որը հնարավոր է նաև, որ ավելանա: Սակայն այս պահի դրությամբ նման վերջնական որոշում չկա: Այն ներառում է 6 բժշկական կենտրոն՝ Երևանում և Արտաշատում, ինչպես նաև Կապանում, Վանաձորում, Գյումրիում եղած ինֆеկցիոն հիվանդնոցները կամ առանձին ինֆեկցիոն բաժանմունքները»,- ասաց Թորոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







