«Վերջին իրադարձությունները (վիրավորանքներ, բռնություններ) ցույց տվեցին, որ մենք կործանման ճանապարհով ենք գնում»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գրել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը հիշեցրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի այն հոդվածները, ըստ որոնց՝ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը:
«Դեռևս 2018թ. օգոստոսի 20-ին ֆեյսբուքյան էջում նշել էի՝ «Այս փուլում, կարծում եմ պետք է փորձել վերացնել Նիկոլ Փաշինյանի համակիրների (մեծ մասը կեղծ օգտատերերի) հայհոյանքների և վիրավորանքների դրվածքը այլ կարծիք ունեցողների հասցեին: Տիեզերական փոխադարձության օրենքի համաձայն, ամեն ինչ վերադառնում է: Նախորդ իշխանությունը հնձեց իր ցանածը, իսկ այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հայհոյանքի փոխարեն սեր ցանել, իսկ վիրավորանքի փոխարեն՝ համերաշխություն»,-գրել է նա՝ հավելելով, որ
2020 թվականն է, սակայն հայհոյանքները և վիրավորանքները դարձել են փոխադարձ, իսկ մթնոլորտը՝ շիկացած:
«Ցավոք, պետության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում վերացնելու համար երկկողմանի անհանդուրժողականությունը, որը հիմնականում դրսևորվում է ատելության խոսքի և հայհոյանքի ձևերով: Արժանապատվության կարևորությունը և արժանապատվության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չտեսնող պետությունները և հասարակությունները ատելության և բռնությունների (նաև դրանցից բխող բացասական երևույթների) պակաս չեն ունենալու: Դեռ ուշ չէ»,-ամփոփել է ՓՊ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







