Հայտարարում ենք, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Այս մասին հայտարարություն են տարածել Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը:
Հայտարարությունում ասվում է, որ երեք օր առաջ՝ կեսգիշերին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձ կա նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե իբր՝ «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։
Նշվում է, որ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարությունը փոխանցել է ՀՀ իրավապահ մարմիններին, թե «ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։
«Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել ևս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։
Իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ ենք լինելու Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը, կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վանեցյանի ներկայացուցիչները նշել են, որ զրպարտություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է օրենքի շրջանակում պատասխան տա դրա համար, իսկ զրպարտության գործելաոճը պետք է վերջնականապես մերժվի Հայաստանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







