Կառավարության՝ Ազգային ժողով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը այն մասին է, որ կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված պայմաններում կարողանա վերաբաշխումներ անել բյուջեում։ Ընդդիմությունն անհամաչափ է համարում այս հնարավորությունը։
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ արտակարգ դրության ժամկետը շուտով ավարտվելու է, իսկ կառավարությունը փորձում է բյուջեն ցանկացած պահի վերաբաշխելու հնարավորությամբ ապահովել իրեն անսահմանափակ ժամկետով՝ մինչև տարեվերջ։ Թանդիլյանի խոսքերով՝ դա Ազգային ժողովի գործառույթն է։
Պատգամավորը պնդում է, որ այս որոշման տակ ընկնելու է ամեն ինչ, հետևաբար, խորհրդարանը պետք է հնարավորություն ունենա քննարկել և դիրքորոշում հայտնել յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ։
«Այս նախագիծը արտակարգ դրության պայմաններում պատգամավորի իրավունքների սահմանափակում է՝ իսկ ո՞վ է ասել, որ կարող են պատգամավորի իրավունքները սահմանափակել։ Որևէ բան չի կարող արդարացնել պատգամավորի լիազորությունների սահմանափակումը»,- նշեց Թանդիլյանը՝ կոչ անելով վիճահարույց դրույթները հանել նախագծից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







