ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ կոմունալ վճարումներով պայամանավորված հնարավոր էներգետիկ ճգնաժամին։
Փաշինյանը նշեց, որ երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացավ այս ճգնաժամը, պարզ էր, որ շատ մարդիկ իրենց սոցիալական վիճակից ելնելով չեն կարողանալու վճարել կոմունալ ծախսերը, և կոմունալ վճարները չտալու դեպքում անջատումներ չեն լինելու, սակայն դրանից սկսեցին օգտվել ոչ թե նրանք, ովքեր իսկապես չեն կարողանում վճարել, այլ նրանք, ովքեր կարող են, բայց չեն ուզում վճարել։
«Այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, ովքեր իրոք հնարավորություն չունեն, այլև սկսեցին չվճարեն նրանք, ովքեր հնարավորություն ունեն։ Երբ մենք 10 օր առաջ նայում էինք, թե ովքեր չեն վճարել, տեսնում էինք, որ հարուստ մարդիկ չեն վճարում։ Այստեղ առաջանում է հետևյալ խնդիրը, որ փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն կարողանում վճարել իրենց արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել մատակարարողներին և աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր, և դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ամենի արդյունքում առաջացող ամենակարևոր ռիսկը համակարգի քանդվելն է։
Վարչապետն ընդգծեց, որ խոսք կարող է գնալ, որ ոչ թե 1000, 5000 բաժանորդի էլէկտրաէներգիան անջատեն, այլ կարող է խոսք գնալ, որ երկրում էներգետիկ համակարգը չաշխատի՝ հավելելով, որ, օրինակ՝ ՀէՑ-ը պետության ամենախոշոր հարկատուներից մեկն է։
Վարչապետը նշեց, որ ոչ թե ընտրությունը մի քանի հազար բաժանորդի հոսանք անջատել-չանջատելու մեջ է, այլ ընտրությունը երկրում հոսանք լինելու կամ չլինելու մեջ է, և ճգնաժամի պայմաններից մեկն էլ այն է, որ մի խնդիրը լուծելն առաջացնում է մեկ այլ խնդիր՝ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ թույլ են տվել մատակարարող ընկերություններին կոշտացնել իրենց դիրքորոշումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







