Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի։
Համաձայն հաղորդագրության՝ վերջիններս չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու շուրջ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։
Միևնույն ժամանակ դեսպանությունը քաղաքացիներին տեղեկացրել է հնարավոր չվերթի սպասողների համար համապատասխան կարգով ցուցակագրում անցնելու անհրաժեշտության մասին` խնդրելով հարգել դեսպանությունում արդեն իսկ ցուցակագրված այն քաղաքացիներին, ովքեր, դրսևորելով համբերատարություն, սպասում են հնարավոր առաջիկա չվերթով Հայաստան վերադառնալու իրենց հերթին։
Դեսպանությունը տեղեկացնում է նաև, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ օդանավակայանում գտնվող, չի կարող օգտվել Հայաստան մեկնելու հնարավորությունից՝ խախտելով արդեն իսկ հրապարակված ցուցակների հերթականությունը։
Հաղորդվում է նաև, որ Մոսկվայից դեպի Երևան հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես լրացուցիչ կհայտնենք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







