Վերջին տասնամյակում ռազմական հատկացումների ամենամեծ գլոբալ ծավալը գրանցվել է 2019 թվականին. այն կազմել է 1,917 տրլն դոլար, ինչը 3,6 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին: Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում, որը հրապարակվել է 2019 թվականին հիմնական խաղացող երկրների ռազմական ծախսերի միտումների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պաշտպանության համար ամենամեծ ծախսերով երկրների առաջին հնգյակում կրկին հայտնվել է Ռուսաստանը։ Ռուսաստանի ռազմական ծախսերը նվազել են 2017-2018 թվականներին, իսկ պաշտպանական բյուջեն նախանցած տարում կազմել է 61,4 մլրդ դոլար, ինչը երկիրը համաշխարհային վարկանիշում 6-րդ հորիզոնականն է ապահովել: Դա նշանակում էր, որ Ռուսաստանը 2006 թվականից ի վեր առաջին անգամ չհայտնվեց այն պետությունների հնգյակում, որոնք ամենաշատն են ծախսում ռազմական կարիքների համար։ 2019 թվականին Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, քանի որ ռազմական ծախսերն աճել են 4,5 տոկոսով և կազմել է ընդհանուր առմամբ 65,1 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 3,9 տոկոս:
«Ռուսական ռազմական ծախսերի բեռը, որը հավասար է ՀՆԱ-ի 3,9 տոկոսին, 2019-ին Եվրոպայում ամենաբարձրերից մեկն էր։ Սաուդյան Արաբիայում ռազմական ծախսերի նվազումը (-16 տոկոս) և Ռուսաստանում ծախսերի ավելացումը (4,5 տոկոս) հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը 2019 թվականին աշխարհում ամենամեծ ռազմական ծախսերով երկրների վարկանիշում հայտնվել է չորրորդ տեղում, իսկ Սաուդյան Արաբիան երրորդ հորիզոնականից իջել է հինգերորդ: 2019 թվականին Ռուսաստանը ավելացրել է ՌԴ Զինված ուժերի գործունեության, ազգային գվարդիայի զորքերի գործունեության ապահովման ծախսերը, ինչպես նաեւ նկատվել է «պաշտպանության նախարարության այլ ծախսերի» աճ (ծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցության և այլն)», — ՏԱՍՍ-ի թղթակցին մեկնաբանել է SIPRI-ի գիտաշխատող Ալեքսանդր Կուիմովան:
Առաջին հնգյակում ընդգրկված երկրներին՝ ԱՄՆ- ին, Չինաստանին, Հնդկաստանին, Ռուսաստանին և Սաուդյան Արաբիային, բաժին է ընկնում աշխարհում ռազմական ծախսերի ընդհանուր ծավալի 62 տոկոսը: 2019 թվականին աշխարհի երկրների ընդհանուր ռազմական ծախսերը կազմել են գլոբալ ՀՆԱ-ի 2,2 տոկոսը։
«2019 թվականին գլոբալ ռազմական ծախսերը 7,2 տոկոսով ավելի են եղել, քան 2010 թվականին, ինչը ցույց է տալիս դրանց աճի վերջին տասնամյակի միտումը։ Սա 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո ամենաբարձր ցուցանիշն է, որը, հնարավոր է, նշանավորի այդ ծախսերի գագաթնակետը», — նշում է SIPRI- ի գիտաշխատող դոկտոր Նան թյանը։
Ռազմական կարիքների համար ԱՄՆ-ի ծախսերն ավելացել են 2019-ին 5,3 տոկոսով՝ հասնելով 732 մլրդ դոլարի, ինչը կազմում է համաշխարհային ծավալի 38 տոկոսը: Ամերիկյան աճը հավասար է եղել Գերմանիայի ռազմական բյուջեին նախորդ տարվա ընթացքում։
«ԱՄՆ- ի ռազմական ծախսերի վերջին աճը մեծապես հիմնված է մեծ տերությունների միջև ռազմական մրցակցության վերսկսման զգացողության վրա», — գրում է SIPRI-ի ավագ գիտաշխատող Պիտեր Վեզեմանը:
Չինաստանն ու Հնդկաստանը գլխավորում են ասիական վարկանիշը՝ ունենալով տարածաշրջանում սպառազինության ամենամեծ ծախսերը։ Ընդ որում, համաշխարհային վարկանիշում նրանք զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները։ Անցյալ տարի Չինաստանը ռազմական կարիքների համար ծախսել է 261 մլրդ դոլար, 5,1 տոկոսով ավելի, քան 2018 թվականին, Հնդկաստանը՝ 71,1 մլրդ դոլար, ինչը 6,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Եվրոպայում ռազմական ծախսերի աճի ցուցանիշով առաջնությունը պատկանում է Գերմանիային, որտեղ 2019 թվականին ռազմական բյուջեն ավելացել է 10 տոկոսով և հասել 49,3 մլրդ դոլարի:
«Մասամբ Գերմանիայի ռազմական ծախսերի աճը կարելի է բացատրել Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի զգացումով, որը կիսում են ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ։ Սակայն Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ռազմական հատկացումները մնում են համեմատաբար կայուն», — կարծում է SIPRI-ի գիտաշխատող Դիեգո Լոպես դա Սիլվան։
Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի երկրներին, ապա զեկույցում նշվում է ռազմական ծախսերի կտրուկ աճի մասին. այսպես, Բուլղարիայում դրանք ավելացել են 127 տոկոսով, ինչը հիմնականում բացատրվում է նոր ռազմական ինքնաթիռների համար վճարումներով։ Ռումինիայում աճի ցուցանիշը կազմել է 17 տոկոս։
ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը նախորդ տարի կազմել է 1,035 տրլն դոլար:
Ռազմական ծախսերի ամենաբարձր բեռն ունեցող 15 երկրների թվում առաջին տեղը զբաղեցնում Է Սաուդյան Արաբիան (ՀՆԱ — ի 8 տոկոսը), վերջինը՝ Ճապոնիան (ՀՆԱ-ի 0,9 տոկոսը): Հյուսիսային և Հարավային Ամերիկաների երկրներում տնտեսության վրա ռազմական ծախսերի միջին բեռը կազմել է ՀՆԱ -ի 1,4 տոկոսը, Աֆրիկայում՝ 1,6 տոկոսը, Ասիայում և Օվկիանիայում, ինչպես նաև Եվրոպայում՝ 1,7 տոկոսը: Մերձավոր Արևելքի համար (երկրներ, որոնց տվյալները կան) այդ ցուցանիշը հավասար էր 4,5%-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







