Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
«Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ,
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք մատուցեցի համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ եմ համարում»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
ԱՀ նախագահը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի:
«Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը:
Հիշում ենք և պահանջում»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







