«Կցանկանայինք ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղին առընչվող թեման բավական նուրբ է և տեղափոխել այն հրապարակային բանավեճերի դաշտ՝ կառուցողական մոտեցում չէ»:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան այսպես են մեկնաբանել ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից:
Հարցին, թե ինչպիսի բանակցային փաստաթղթեր նկատի ուներ ՌԴ արտգործնախարարը, ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից հստակեցրել են, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության հետ համատեղ հայտարարությունների շրջանակում:
«Մեր դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը: Կարգավորմանն առընչվող դետալներում, որոնք ընդգրկված են հայտարարություններում, առկա են՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքների վերադարձը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշակիացումը՝ ազգաբնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով: Ինչ վերաբերում է փաստաթղթերին, որոնք քնարկվում էին և քննարկվում են, ապա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թվարկել է դրանք»,- նշված է ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչության պատասխանում:
ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունը ամփոփելով նշել է. «Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման թեմային առնչվող կոնսուլտացիաները շարունակվում են, ինչի մասին, մասնավորապես, վկայում է ապրիլի 21-ին կայացած տեսակոնֆերանսը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







