Պարետատունը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից կսկսեն աշխատանքները գործարկվել տեքստիլ արտադրամասերում, եթե վարակի տարածման ինտենսիվությունը նվազ լինի 1-ից։ Այս մասին խորհրդարանում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով տեքստիլ արտադրամասերի աշխատանքի շուրջ մտահոգություններին։ Նա ընդգծեց, որ այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը մեկից բարձր է, և դրա հետ կապված պարետատունը լրացուցիչ հայտարարություն կանի։
«Տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում և խնդրել են, որ առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադրամասերը, որոնք նախապես կդիմեն Էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ կան տեքստիլ արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել: Այս կապակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և հենց այսօր պարետի համապատասխան որոշումը կայացվելու է, որ այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելու, դիմում են նախարարություն և այնուհետև կարող են ծավալել իրենց գործունեությունը »,- ասաց Մակունցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







