Մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, որ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 և 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։
«Երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Վիբորգ քաղաքում ազգականների տանը, իսկ կարճ ժամանակով Հայաստան ժամանած երեխայի մայրը սահմանափակումների պատճառով չի կարողանում մեկնել երեխաների մոտ։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկել է ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության ներկայացուցիչների հետ Վիբորգից Մոսկվա քաղաք և Մոսկվայից ապրիլի 12-ին նախատեսվող չվերթով անչափահաս երեխաներին Հայաստան ճանապարհելու հարցով»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։
ՄԻՊ-ը հայտնում է, որ ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունից կապվել են Պաշտպանի աշխատակազմի հետ և տեղեկացրել, որ հյուպատոսության ավտոմեքենայով իրենք երեխաներին կտեղափոխեն Մոսկվա, որտեղ երեխաներին կդիմավորեն ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները և կճանապարհեն Հայաստան՝ հավելելով, որ համագործակցության արդյունքում երեխաներն արդեն Հայաստանում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







