Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ սպանության հատկանիշներով։ Ճամբարակի քրեական հետախույզների` առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու միջոցառումներին միացել են մարզային ոստիկանության գործընկերները։
Նշվում է, որ համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ է ձեռք բերվել սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության և դեպքի մի շարք հանգամանքների վերաբերյալ։ Նախնական տվյալներով՝ 36-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք է պատճառել Շողակաթ համայնքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու ներկայացել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։
Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







