Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ապրիլի 16-ին հերթական շրջայցն է կատարել հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքերում: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Միավորման և զորամասի հրամանատարության ուղեկցությամբ առաջնագիծ այցելության ընթացքում բանակի հրամանատարը զրուցել է դիրքապահների հետ, ծանոթացել վերջին շրջանում դիրքերում իրականացված ինժեներական կահավորման, կրակի վարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում տիրող օպերատիվ իրադրությանը, դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Այնուհետև, Հարությունյանը դիրքապահների մարտունակությունը, մարտական պատրաստվածությունն ու գործնական հմտությունները ստուգելու նպատակով, վերջիններիս առաջադրել է կոնկրետ իրավիճակներում մասնագիտական պարտականությունների կատարումից բխող անհրաժեշտ խնդիրներ, հետևել դրանց կատարման ընթացքին և նկատված թերացումները վերացնելու, ինչպես նաև զինծառայողների պատրաստության մակարդակը ավելի բարձրացնելու նպատակով տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







