ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է 2018-ի իշխանափոխության օրերին ոստիկանության և իրավապահ մարմինների գործունեությանը։
Հարցին, թե 2018-ի իշխանափոխության օրերին իր հրամաններում ինչ-որ բան փոխվել էր, որովհետև որոշ մարդիկ համեմատության մեջ նշում էին, որ ոստիկանության գործողությունները մեղմ էին, Վլադիմիր Գասպարյանը բացասական պատասխան է տվել: «Ոչինչ չէր փոխվել հրամաններում: 16, 15, 12, 8 տարեկան երեխաներին ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը»,-ասել է Գասպարյանը:
Հարցին, թե 2018-ի իրադարձությունների ժամանակ քաղաքական որոշում չկա՞ր ավելի մեղմ լինելու, Վլադիմիր Գասպարյանն նշել է. «Ես երբեք ոչ հրահանգներ եմ ստացել, ոչ էլ… նման բան իմ կենսագրության մեջ չի եղել, որ ինձ հրաման տան՝ սրա հետ խիստ կլինես, սրա հետ՝ թեթև»:
Հարցին, թե 2018-ին հանդիպում ունեցել է այդ ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, Վլադիմիր Գասպարյանը բացառել է. «Չի եղել նման բան, հանդիպում չի եղել, բայց բոլոր ժամանակներում հավաքները կազմակերպողների հետ մենք ունենում ենք կապ, մենք աշխատում ենք այդ մարդկանց հետ, Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է Վալերիյ Օսիպյանը՝ քաղաքի ծառայության գծով տեղակալն էր և մեր կապավորը: Հարցի ենթատեքստի վերաբերյալ ասեմ՝ ես բարձրաստիճան սպա եմ, ես գեներալ եմ, իսկ սպայի մոտ կյանքից ավելի պատիվն է, դավաճանությունը չի ներվում ոչ մի պարագայում, արդարություն չունի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







