Նորաշեն համայնքում այս պահին կա կորոնավիրուսի 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Հարգելի լրագրողներ և մեզ զանգահարող քաղաքացիներ, հավատարիմ մնալով բաց և թափանցիկ աշխատելու մեր գործելաոճին` ևս մեկ անգամ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում»,- գրել է մարզպետը։
Սարգսյանը հիշեցրել է, որ մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն։
«Հիշեցնեմ, որ վերոնշյալ համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59»,- գրել է Գարիկ Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







