Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով ոչ պաշտոնական տվյալներով ստացել է ընտրողների 87%-ի ձայները:
Արձանագրելով, որ 2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է, Հարությունյանը նշել է, որ քվեարկության ակտիվության թեմայով դատողությունները թողնում է քաղաքագետ-վերլուծաբաններին, այնուհանդերձ իր կարծիքն այն է, որ արցախցիների մի մասը գուցե մտածեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված է և իր մասնակցությունն այդքան էլ պարտադիր չէ:
«Այս ամենով հանդերձ՝ արձանագրում ենք Արցախի Հանրապետության անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին: Անթերի ոչինչ չի լինում՝ անգամ շատ ավելի կայացած երկրներում: Ժամանակ անց, երբ միջազգային գործընկերները կայցելեն մեր տարածաշրջան, ավելի մոտիկից կկարողանան գնահատել մարդու հիմնական իրավունքների իրացման հանձնառությունը մեզ մոտ ու համեմատել որոշ ճանաչված պետությունների հետ:
Գնում ենք առաջ: Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան: Հաջողություն բոլորիս»,-հայտարարել է Հարությունյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







