Արցախի ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չենք արձանագրել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խմբի ղեկավար, խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ 6 հոգանոց դիտորդական խումբը հասցրել է լինել Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ընտրական տեղամասերում։
Սիմոնյանը նշել է, որ ոչ միայն կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, այլև որևիցե արտառոց դեպք ևս չի գրանցվել:
«Ամեն անգամ մենք ակնկալում ենք ցածր ակտիվություն, սակայն ընտրատեղամասերում նկատելի է ընտրողների բարձր ակտիվություն»,- ասել է Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու է Հանրապետության նախագահ, իրենք պատրաստ են համագործակցության:
«Անձերի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել, քանի որ մենք ունենք մեկ համընդհանուր նպատակ: Բնականաբար, նոր ակնկալիքներով լցված, պատրաստ ենք աշխատելու Արցախի նոր իշխանությունների հետ»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







