ՕՊԵԿ+-ի երկրները ապրիլի 12-ին կայացած արտահերթ նիստում համաձայնեցրել են կազմակերպության անդամ բոլոր 23 երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը: Համաձայնագրի կնքումից հետո նավթի համաշխարհային շուկայում գնաճ է նկատվում՝ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4,40%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 33,22 դոլարի, իսկ WTI ամերիկյան թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը՝ 7,07%-ով՝ հասնելով 24,37 դոլարի։
Համաշխարհային էներգետիկ շուկայի կայունացման, նավթի համաշխարհային գների վրա համաձայնագրի կնքման ազդեցության մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ։
Փորձագետի կարծիքով՝ ՕՊԵԿ+ երկրներն իսկապես որոշակի համաձայնության են եկել, բայց այդ համաձայնությունը կսկսի գործել մայիսից և նավթի գների վրա ազդեցությունն էական չի լինի։
«Նավթի շուկայում գերառաջարկ կա՝ հիմնական արդյունահանողների նավթի պաշարները լցված է․ նրանք խնդիրներ ունեն դրանք վաճառելու։ ՕՊԵԿ+ երկրների ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ նավթի գնի որոշակի աճ կնկատվի, բայց դժվար թե վերադարձ լինի նախկին 50-60 դոլարին, այն կմնա 25-30 դոլարի սահմաններում տատանումների մեջ»,- նկատեց նա։
Փորձագետն ընդգծեց, որ էներգետիկ շուկայի կայունացումը երկարատև գործընթաց է, շուկայում այս պահի դրությամբ աճը չնչին է՝ եթե Նյու Յորքում նավթի գնի 0․57 տոկոս աճ է նկատվում, ապա Լոնդոնում նունիսկ -1․1 տոկոս գնանկում է, ինչից կարելի է ենթադրել, որ բիրժաների վրա նավթի այս համաձայնությունը ժամանակի ընթացքում կազդի, բայց ոչ միանգամից։
Անդրադառնալով համաձայնության ձեռքբերման գործում ԱՄՆ շահագրգռվածությանն ու դերակատարմանը, Մանվելյանն ընդգծեց, որ Վաշինգտոնը հույս ունի, որ նավթի գնի բարձրացումը կհանգեցնի թերթաքարային նավթի շուկայի վերականգնմանը։
«Վաշինգտոնը շահագրգռված է այս պայմանավորվածություններով, որովհետև ամերիկյան թերթաքարային նավթի շուկան ողբալի վիճակում է գտնվում։ Էժան նավթը թերթաքարային շուկան փակել է, շատ արտադրողներ ստիպված իրենց արդյունահանումը կանգնեցրել են, և նավթի հազարավոր աշտարակներ այս պահին չեն աշխատում։ Այս պատճառով Թրամփը շահագրգռված է, և որոշ չափով խրախուսում է հանդիպումների և որոշումների կայացումը՝ հույսով, որ նավթի գինը բարձրանա՝ թերթաքարային նավթի շուկան նորից կսկսի վերականգնվել»,- ընդգծեց փորձագետը։
Անդրադառնալով հայկական էներգետիկ շուկայի վրա այս գործընթացների ազդեցությանը, Մանվելյանը համակարծիք էր այն մտքին, որ ՌԴ-ում էներգետիկ շուկայի կայունացումը, դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, քանի որ մեր կախվածությունը ՌԴ շուկայից բավականին մեծ է։
Նարե Հարությունյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







