Հայաստանի Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 14-ամյա երեխա․ փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ն իր ֆբ-յան էջում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգ այն մասին, որ այսօր 19:00-ի սահմաններում Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում ադրբեջանական կողմի գնդակոծման հետևանքով վիրավորում է ստացել 14-ամյա երեխա։ Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվության միջոցներում: Այս մասին պաշտոնական հայտարարություն է արել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության` հայկական կողմից նաև վիրավորում է ստացել երկու զինծառայող:
«Հաշվի առնելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու մանդատը՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ամփոփած տեղեկությունները հատուկ նամակով կուղարկի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին»,-նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







